Երվանդ Վարոսյանը հերթական անգամ պարտվեց դատարանում

18:56, Փտր 21, 2017


Դատական համակարգի datalex.am կայքից պարզ է դառնում, որ Երվանդ Վարոսյանը հերթական անգամ պարտվեց դատարանում (Գործ թիվ ԵԿԴ/5318/02/15)։ Դատարանը 17.02.2017թ. մերժել է Երվանդ Վարոսյանի հայցը։ Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ Երվանդ Վարոսյանը պատասխանատվության էր ենթարկվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից՝ խորհրդի նիստում մեկ այլ խորհրդի անդամին քաշքշելու համար։

Սա այն կարգապահական գործն էր, երբ խորհրդի 09.10.2015թ. որոշումից հետո, Երվանդ Վարոսյանը հանկարծ որոշեց, որ պալատի նախագահը «շատ վատ բաներ է անում» ու ինքը պետք է հրապարակային պայքար մղի պալատի նախագահի դեմ։ Եթե ժամանակագրությունը նայեք կտեսնեք, որ հենց դրանից հետո հանկարծ ծնվեց «հոդվածների պատվերի» գործը և Երվանդ-Լուսինե «զույգի» «համարձակ» հայտարարությունը։

Իրականությունը սակայն այլ է։ Խորհուրդը համարձակվեց Երվանդ Վարոսյանի նման հայտնի փաստաբանին, ով հայտնի Լուսինե Սահակյանի գործընկերն է, պատասխանատվության ենթարկել։ Սա լուրջ պրոբլեմ էր։ Բա ինչ կմտածեն մյուս փաստաբանները։ Ու սկսվեց պայքարը տարբեր վարկածներով՝ էլ սահմանադրական բարեփոխումների պատճառով են ընկել Երվանդ-Լուսինեի հետևից, էլ Երվանդ-Լուսինեն աշխատակազմի ուռճացման դեմ են առաջին օրից՝ 2013թ. հոկտեմբերի 9-ին պայքարել, էլ պալատի նախագահը միանձնյա իշխելու ցանկություն ունի, դրա համար էլ իշխում է։ Այս հեքիաթներին իհարկե փաստաբանների և հասարակության հետաքրքրվող հատվածի մի մասը հավատաց, բայց մի մասը միայն։ Իսկ իրականությունը ինչպես միշտ այլ էր։

Պարզվեց, որ 2013թ. հոկտեմբերի 9-ին հաստիքացուցակի ուռճացում չի եղել, այլ ավելացվել է 1 հաստիք, իսկ ընդհանուր աշխատավարձի ֆոնդի գումարն էլ պակասեցվել է։ Պարզվեց, որ պալատի նախագահի 750.000 ՀՀ դրամի աշխատավարձը հենց այդ օրը վերջինիս նախաձեռնությամբ 300.000 ՀՀ դրամով կրճատվել է, ինչի մասին հայտնի փաստաբանները չեն խոսում։ Օբյեկտիվության մղումը պետք է Երվանդ-Լուսինե զույգին ստիպեր, որ նրանք դա էլ ասեին։

Պարզվեց նաև, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթի հետ չէր կարող կապ ունենալ Երվանդ Վարոսյանի կարգապահական վարույթը, քանի որ Երվանդ Վարոսյանը 27.05.2015թ. էր քաշքուկի մեջ մտել, իր նկատմամբ վարույթը հարուցվել էր 02.06.2015թ., իսկ սահմանադրական բարեփոխումների փաթեթը ներկայացվել էր միայն 2015թ. հուլիսի վերջում։

Ստի վրա կառուցած մարտավարությունը երկար կյանք չի կարող ունենալ։

Փաստաբանների պալատի 2017թ. փետրվարի 11-ի ընդհանուր ժողովի արդյունքներով էլ փաստաբանները հայտարարեցին, որ Երվանդ Վարոսյան-Լուսինե Սահակյան և նրանց շուրջ հավաքված ուժերը տեղ չունեն փաստաբանների պալատի կառավարման մարմնում։ Փաստաբանները հասկանում են, որ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի «պայքարի» հիմքում ընկած են անձնական պատճառները։ Նրանք խոսում են թափանցիկությունից և հակակշիռներից, բայց Ռուբեն Սահակյանի օրոք իրենք են պալատից ստացել մեծ գումարներ, հանդիսանալով նաև խորհրդի անդամ։ Անգամ խիզախություն չունեցան իրենց ընտրապայքարի «ազնիվ» նպատակը ցույց տալու համար ի լուր բոլորին հրապարակեն, թե ինչքան են օգտվել փաստաբանների պալատից։

Հիմա էլ այս զույգը լծվել է փաստաբանների պալատի վարկաբեկման գործին։ Նույնիսկ իրենց սխալներից դասեր չքաղած այս սուբյեկտները չեն գիտակցում, որ ինչքան հզոր լինի իրենց կառույցը, այնքան փաստաբանները պաշտպանված կլինեն։

Լուսանկարը Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Ֆահրադ Փայլակյան

Դիտվել է՝ 1,571 անգամ