Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից. Նալբանդյան
Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից: Նման հայտարարությամբ «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Իհարկե, մեզ կարող է դուր չգալ այն, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը, որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծ ջանքեր է գործադրում, այդ թվում և Հայաստանի հետ համատեղ, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նա նաև շեշտել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժի բալանսը պահելու համար:
«Ինչ վերաբերվում է «սպառազինությունների մրցավազքին», Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմով, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և գնված սպառազինության քանակով, որ խախտում է ԵՍԶՈՒ նորմերը: Թե ինչի է այդ ամենը հանգեցնում, ականատեսը եղանք նախորդ տարվա ապրիլին… Բնական է, որ նման պայմաններում ստիպված ենք բոլոր ջանքերը գործադրել, տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանման և էսկալացիայի նոր բռնկումներից, նոր պատերազմից խուսափելու համար»,- հավելել է Նալբանդյանը: