Ստամբուլի հայկական «Ժամանակ»-ը հավանական է համարում Աթեշյանի հրաժարականը

15:15, Փտր 16, 2017


Պոլսո Հայոց պատրիարքարանի Աթոռանիստ Մայր եկեղեցու համալիրում փետրվարի 16-ի երեկոյան տեղի կունենա կարևոր համայնքային ժողով, որում ի թիվս այլ հարցերի կքննարկվի Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականով պայմանավորված թեժ մթնոլորտը: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:

Պարբերականը նշում է, որ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում կքննարկվի համայնքային կյանքում առկա տագնապը, Մաշալյանի հրաժարականով պայմանավորված մթնոլորտը և պատրիարքական ընտրության գործընթացը արագացնելու խնդիրը:

«Լարված և փոթորկալից շրջանի հետ է համընկել ժողովը: Համայնքային վարիչները ծայրաստիճան անհանգստացած են ու տրամադրված բավական արմատական: Որոշ տեղեկություններով` համայնքի աշխարհիկ վարիչները վճռական ակնկալիքներ են արտահայտելու պատրիարքական ընտրության գործընթացում վերջնական բեկումնային պահի հասնելու համար: Բոլորն անհամբերությամբ սպասում են ժողովի արդյունքներին: Հնարավոր է նաև պատրիարքարանի արձագանքը: Անգամ հավանական է, որ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տա»,- եզրափակում է «Ժամանակ»-ը:

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը փետրվարի 13-ին հայտարարել է իր պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին` հայտնելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Նա հրապարակել է իր քայլերը մեկնաբանող նամակ` նշելով, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին կայացած հոգևոր խորհրդի ժամանակ Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Նա նաև տեղեկացրել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում և հեռանալու է Ստամբուլից:

«Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Իր լիազորություններն օգտագործելով ութ տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, և համաձայն եկեղեցական օրենքների նա արժանի է պատժի»,- նշել է եպիսկոպոսը:

Դիտվել է՝ 39 անգամ