Ինչպես քվեարկել. ամեն ինչ քվեարկության նոր կարգի մասին

12:29, Փտր 14, 2017


Հայաստանում ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններն անցնելու են ՀՀ նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պայմաններում, և էականորեն փոխվել է նաև քվեարկության կարգը:

Առաջին անգամ Հայաստանում քվեարկությանը մասնակցելու գրանցման գործընթացը կանցկացվի հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով, ինչը բացառում է կրկնաքվեարկությունների հնարավորությունը: Այնուամենայնիվ, կան պնդումներ, որ քվեարկության նոր կարգը բավականին բարդ է և խճճված, ինչի հետևանքով քաղաքացիները կարող են դժվարություններ ունենալ:

Նոր ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները կունենան սեփական քվեաթերթիկը, որի մի հատվածում կլինի կուսակցության անվանումը, իսկ մյուս կողմում տվյալ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների անունները: Եթե նախկինում քաղաքացին իր ընտրությունը կատարելուց հետո քվեաթերթիկը պետք է ծալեր և նոր միայն այն ծրարի մեջ դներ, ապա նոր կարգով քվեաթերթիկը պետք է ծրարի մեջ դրվի ԱՌԱՆՑ ԾԱԼԵԼՈՒ:

Նորամուծություն է նաև ընտրողից ԱՋ ՁԵՌՔԻ ՑՈՒՑԱՄԱՏԻ ՄԱՏՆԱՀԵՏՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ, որից հետո միայն տեխնիկական սարքավորումը կտպի  նրա քվեարկության կտրոնը:

Հաշվի առնելով քվեարկության կարգի փոփոխությունը և նոր  տեխնիկական սարքավորումներով գրանցման գործընթացը` Ditaket.am-ը մանրամասն ներկայացնում է քվեարկության նոր կարգը:

Քվեարկության օրը քաղաքացին մտնում է ընտրական տեղամաս, մոտենում է մասնագետին և ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից:

Մասնագետը ստուգում է քաղաքացու ինքնությունը` ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով և փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ: Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն մասնակցել է ընտրությանը, էկրանին հայտնվում է ԿԱՐՄԻՐ ՆՇԱՆ և անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները:

 

Եթե քաղաքացին գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է ԴԵՂԻՆ ՆՇԱՆ: Այդ դեպքում քաղաքացուն դուրս են հրավիրում ընտրական տարածքից:

Եթե սարքավորումը ինքնուրույն չի ընթերցում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ապա տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից: Եթե քաղաքացին գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և չի մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է ԿԱՆԱՉ ՆՇԱՆ: Այդ դեպքում քաղաքացին ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է նրա քվեարկության կտրոնը:

Մասնագետը կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է քաղաքացուն, որից հետո նա մոտենում է ընտրողների գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամին և տալիս է նրան քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է քաղաքացու անուն-ազգանունը, որի դիմաց նա ՍՏՈՐԱԳՐՈՒՄ Է:

Հանձնաժողովի անդամը քաղաքացու ստորագրության դիմաց և նրա կտրոնի վրա դնում է իր ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿՆԻՔԸ:

Քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում: Եթե քաղաքացին չի կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

Գրանցվելուց հետո քաղաքացին մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում է կտրոնը և ստանում է քվեաթերթիկները և քվեարկության մեկ ծրար: Քաղաքացին պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի ստանա ընտրություններին մասնակցող ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ. ընտրողը բոլոր քվեաթերթիկները ստանալուց հրաժարվելու իրավունք չունի: Այնուհետև քաղաքացին անցնում է քվեարկության խցիկ` գաղտնի քվեարկություն իրականացնելու համար:

Քաղաքացին նախ ընտրում է այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ է: Քվեաթերթիկի ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ որևէ նշում չի կատարվում:

Իր ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի թեկնածուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում քաղաքացին գտնում է նրա տվյալները և կատարում նշում, ապա առանց քվեաթերթիկը ծալելու դնում է ծրարի մեջ, իսկ չօգտագործված քվեաթերթիկները գցում է առանձին արկղի մեջ:

Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը: Քաղաքացին չպետք է կտրոնը խցիկում թողնի: Եթե քաղաքացին չի կարող ինքնուրույն իրականացնել քվեարկությունը, ապա կարող է հանձնաժողովին տեղեկացնել և քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու: Եթե քաղաքացին կարծում է, որ սխալ է լրացրել քվեաթերթիկը, կամ վնասել է այն, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկ ստանալու համար:

Քվեարկությունը կատարելուց հետո քաղաքացին մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է կտրոնը և ԱՌԱՆՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐԸ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ՎԵՐՑՆԵԼՈՒ ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը, և քաղաքացին քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ ու հեռանում է ընտրական տեղամասից:

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

Դիտվել է՝ 202 անգամ

Առնչվող թեմաներ