Անվտանգության ու խաղաղության երաշխավոր. Հայոց բանակը 25 տարեկան է

14:02, Հնվ 28, 2017


Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Հայոց բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով: Առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։

Երկրորդ փուլը տևել է 1992թ․ հունիսից 1994թ․ մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։

Երրորդ փուլը սկսվել է 1994թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։ 1990թ․սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Զորակոչն ու զորացրումը իրականացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։ Հայկական Զինված ուժերը կազմավորման պահից մինչ այսօր շարունակում են համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ և քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար: Հայաստանի Հանրապետությունը, 1992թ. մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։

ՀՀ զինված ուժերի միջազգային համագործակցության դաշտում մեծ տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնությունը համարվում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերը և երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հայկական զինված ուժերի համագործակցությունը նույնպես տարեցտարի խորանում է եւ ընդլայնում համագործակցության ոլորտները: Բանակաշինության հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստությունն է: Այդ նպատակով ստեղծվեցին ռազմաավիացիոն, թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց Ռազմաավիացիոն ինստիտուտի, Պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, այսօր արդեն` Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ, Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: Մինչ օրս այս ուսումնական հաստատությունները Զինված ուժերի համար պատրաստել են շուրջ 1300 շրջանավարտ-սպաներ: Շարունակվել է նաև սպայական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը արտասահմանյան երկրների ռազմա-ուսումնակ ան հաստատություններում: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում և Հունաստանի Հանրապետությունում ուսումնառել և այսօր շարունակում են իրենց ուսումը ավելի քան 1500 սպա և կուրսանտ: Հաշվի առնելով, որ Զինված ուժերի սպաների մի զգալի մասը կազմում էին ինքնապաշտպանական կամավորական ջոկատների մարտիկները, նրանց որակավորման և վերապատրաստման նպատակով ստեղծվեց սպաների որակավորման բարձրացման կենտրոնը, որն իր գործունեության ընթացքում, տվել է շուրջ 1500 սպա-շրջանավարտ: Շուրջ 1000 շրջանավարտ է տվել Ենթասպաների դպրոցը:

Հայկական զինված ուժերի պատմության մեջ կարեւորագույն դերակատարում ունեն հայ խաղաղապահները: Նաեւ նրանց շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներում տեսան ու գնահատեցին հայ զինվորի տեսակը: Հայ խաղաղապահների մասին միշտ ամենայն հարգանքով է խոսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հավաստիացնում է, որ միջազգային հանդիպումների ժամանակ միշտ գնահատանքի խոսքեր է լսում իր գործընկերներից` հայ խաղաղապահների կատարած աշխատանքի առնչությամբ: Մի շարք երկրներում խաղաղապահ առաքելությանը միանալով` Հայաստանն ապացուցեց, որ համաշխարհային անվտանգության պահպանման եւ երկարատեւ խաղաղության կողմնակիցն է: Սա գաղափարախոսություն է, որի կրողը չի կարող լինել ագրեսոր: Եւ այսպես, 2004 թվականից սկսած հայ խաղաղապահներն իրենց առաքելությունը փայլուն կերպով իրականացրել են հետեւյալ պետություններում:

Կոսովո

2004թ․ Հայաստանը մեկ դասակի կազմով հունական խաղաղապահ գումարտակի կազմում միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում։ Հայ զինծառայողները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայի սահմանային գոտում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում։

Իրաք

2005թ․ հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը՝ հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ․ հոկտեմբերին։

Աֆղանստան

Սկսած 2010թ․ փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր – ISAF) Հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։ Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցրել Գերմանիայում։ 2011թ. ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը՝ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը։ Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում՝ հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար։

Լիբանան

2014 թվականի նոյեմբերի 26-ից հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը խաղաղապահ առաքելություն է իրականացնում նաև Լիբանանում: Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը և իրականացնում ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:

Մալի

Եվս մեկ հայ զինծառայող 2015 թվականին խաղաղապահ դիտորդական առաքելություն է իրականացրել Մալիում:

Հայկական բանակը նաեւ տարածաշրջանում անվտանգության պահպանման երաշխավորն է: Հենց սահմանին կանգնած զինվորի քաջությամբ է, որ լարված իրավիճակը երբեք պայթյունավտանգ չի դառնում ու սահմանապահ հայորդին կարողանում է թշնամուն պարտադրել խաղաղություն, ինչպես դրա ականատեսը եղան բոլորը 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա ռազմական գործողություններին վերջ տրվեց հայ զինվորի ու հրամանատարի սխրանքի շնորհիվ: Պարտադրված խաղաղություն. սա հայտարարություն է, որ վերջին շրջանում՝ հրադադարի խախտումների հաճախակիացման պարագայում սկսեց կիրառվ ել ավելի հաճախ: Կողմնակից լինելով երկխոսության խնդիրները հարթելու տարբերակին` հայկական զինված ուժերը նաեւ հայտարարում են. եթե քաղաքական ճանապարհով հնարավոր չլինի պարտադրել խաղաղություն, ռազմական ճանապարհով հաստատ արդյունքը շոշափելի կլինի:

Հայաստանի Հանրապետության և Արցախի բարձրաստիճան այրերը Եռաբլուրում հարգեցին զոհված հայորդիների հիշատակը