Հայկական 15 ռազմապար կարելի է ներմուծել ռազմական ուսհաստատություններ. Գագիկ Գինոսյան

12:20, Հնվ 11, 2017


Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը անհրաժեշտ է համարում ռազմապարերի ներառումը ռազմական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում: Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագիր է մշակվել, որը դեռեւս սեպտեմբերին պետք է իրականացվեր, սակայն հետաձգվել է: «Հավանաբար, կառավարության կազմում եղան փոփոխություններ, միգուցե դա է հետաձգման պատճառը: Նոր նախարարի հետ դեռ չենք քննարկել այդ հարցը, քանի որ նորանշանակ է, առաջնահերթ խնդիրներ կան լուծելու, բայց ծրագիրը պատրաստ է: Նախարարության հետ բավական աշխատանք է տարվել: Կարծում եմ՝ չպետք է այս հարցը հետին պլան մղվի, քանի որ ռազմապարն ի սկզբանե եղել է հայ զինվորի դաստիարակության հիմնասյուներից մեկը»,-ասաց նա:

Գագիկ Գինոսյանն ընդգծեց, որ սկզբնական շրջանում խնդիրները կապված էին պարերի ոչ բավարար քանակի հետ, սակայն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տանելուց հետո այժմ ռազմապարերը 15-ն են, որոնք, ըստ նրա, կարելի է բարձրացնել բեմ եւ ներմուծել ռազմական ուսհաստատություններ:

«Ունենք «Յարխուշտա», որը կարելի է ռազմապարերի արքա անվանել, «Քաջաց խաղ», «Շարանի»,  «Քոչարի»-ների մեծ շարք, «Քերծի», որը նաեւ որսորդական պար է:  15-ը դեռ վերջնական թիվը չէ, 1-2-ը ևս հիմա կարող ենք վերականգնել: Կարծում եմ՝ կան նախադրյալներ պարերը ռազմական կրթական համակարգ ներմուծելու համար, եւ հատկապես քանի որ հիմա դպրոցներում ազգային երգ ու պարը ներմուծված է, կարելի է շատ ավելի հեշտ կազմակերպել, համապատասխան թիմ ձեւավորել: Սա մի քանի ասպեկտ է ներառում. նախ ոչ միայն ստեղծում է հավաքական ոգի, այլեւ գաղափարական դաստիարակության առումով է կարեւոր, քանի որ պետք է նաեւ պարերը մեկնաբանել, բացատրել՝ ինչ խորհուրդ են կրում, որ տարածաշրջանից են գալիս, ծագումնաբանությունը:  Առաջին քայլը ռազմական ինստիտուտ ներմուծելն է, որպեսզի կարողանանք ավելի վերահսկելի դարձնել մեր ներդրումը: Առանց դրա չենք կարող մտածել ռազմապարերը բանակում ներդնելու մասին»,-եզրափակեց Գագիկ Գինոսյանը: