Երվանդ Վարոսյանը պարտվեց նաև Վերաքննիչ դատարանում, իսկ ի՞նչ կապ ունի news.am-ը

21:45, Դկտ 28, 2016


Այսօր, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց փաստաբան Երվանդ Վարոսյանի բողոքը ՀՀ փաստաբանների պալատի դեմ։
Երվանդ Վարոսյանը պատասխանատվության էր ենթարկվել այն բանի համար, որ դրսևորել էր փաստաբանին ոչ հարիր վարքագիծ, իր ֆեյսբուքյան գրառումներում օգտագործել էր «պնդուկ ուղեղով չորքոտանիներ», «ինձանից հղիներով լայքադրսևորվել» և այլ արտահայտություններ։ Ու այս արտահայտությունները նա թույլ էր տվել, իր և Լուսինե Սահակյանի հետ առնչվող մի հոդվածի կապակցությամբ։ Նշյալ հոդվածը հրապարակվել էր xnews.am–ում 06.07.2015թ. «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են «գողանում»» վերնագրով։
Առաջին ատյանի դատարանը վճռել էր Երվանդ Վարոսյանի հայցը մերժել։ Այսպիսով, դատարանը գտել էր, որ փաստաբանների պալատի խորհուրդը ճիշտ է արել, որ պատասխանատվության է ենթարկել Երվանդ Վարոսյանին։
Պարզից էլ պարզ է, որ փաստաբանը պետք է իրեն կոռեկտ դրսևորի հանրային միջավայրում, թե չէ որևէ փաստաբանի լկտի պահվածքը անուղղակի կարող է ազդել ողջ փաստաբանական կորպուսի վրա՝ հասարակության աչքերում փաստաբաններին վերագրելով սանձարձակ մարդկանց համբավ։
Բայց արի ու տես, Երվանդ Վարոսյանի ներկայացուցիչ և news.am-ի խմբագիր Արմենիկա Կիվիրյանի եղբայր Արամազդ Կիվիրյանը իր քրոջ հսկողության տակ գտնվող news.am-ում տնավարի հարցազրույց տալով ասում է՝ «Վերաքննիչ դատարանի որոշումն ապացույցն է առ այն, որ Հայաստանում արդարադատությունը շարունակում է անկում ապրել..»։ Ի՞նչ է ստացվում, եթե Երվանդ Վարոսյանը կամ նրա ներկայացուցիչը պարտվում է դատարանում, ուրեմն Հայաստանում արդարադատություն չկա՞։ Շատ հետաքրքիր տրամաբանություն է։ Եթե Հայաստանում չկա արդարադատություն, ապա, պարոնայք փաստաբաններ, ինչո՞ւ եք ձեր հաճախորդներից փող վերցնում ու հայկական դատարաններում պաշտպանում նրանց իրավունքները։ Արդյո՞ք ազնվորեն ասում եք ձեր հաճախորդներին, որ Հայաստանում արդարադատություն չկա, դու իզուր ես փող տալիս փաստաբանին։
Երվանդ Վարոսյանի գրած ոչ կոռեկտ արտահայտությունը, որը իմ կարծիքով լկտի արտահայտություն է, ունենալու էր իր հետևանքները։ Ուրախ չի արդյոք Երվանդ Վարոսյանը, որ փաստաբան Լիանա Գրիգորյանը դիմել է իրավական գործընթացների և ոչ թե իր ընտանիքի անդամներին, ովքեր կարող էին Երվանդ Վարոսյանին պատժել կնոջը վիրավորելու համար։ Կամ եթե իրավական գործընթացները չլինեին, պատրաստ էր արդյո՞ք Երվանդ Վարոսյանը պատասխան տալ այն փաստաբան կանանց ամուսիններին կամ հարազատներին, որոնք լայք էին դրել «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են «գողանում»» վերնագրով հոդվածին, ու արժանացել «ինձանից հղիներով լայքադրսևորվել» են լկտի ձևակերպմանը։
Սովորաբար ֆեյսբուքում տղամարդ խաղացող մարդը, ունի թերարժեքության բարդույթ։
Արի ու տես, որ որոշ լրատվամիջոցներ կամ անհատ «լրագրողներ» իրենց պարտքն են համարում այս արտահայտությունների հեղինակներին իրենց պաշտպանության ներքո առնել և լուսաբանել նրանց «ազնիվ պայքարը»:
Այդ լրատվամիջոցները զերծ չեն մնացել նաև իրեն արտոնյալ պայմաններում գտնվող մեկ այլ գործընկեր փաստաբան Լուսինե Սահակյանի «քաջագործությունները» փաստաբանների պալատում գործով լուսաբանելիս, որտեղ նա վիրավորել էր իր գործընկերներից մեկին, ներկայացնել, որպես զոհ։ Իհարկե բազմաթիվ են այս “զույգի” արկածները, սակայն հիմա խնդիրը չէ դրանք վերհիշելը, այլ շատ կարևոր է այս անձանց վարքագիծն «արևի շողերի» պայծառությամբ հասարակությանը ներկայացնելու մոլուցքով տառապող լրատվամիջոցների գործելաոճի նպատակի բացահայտումը:
news.am լրատվական կայքն, այն ռեսուրսն է, որն ակնհայտ զբաղված է ՀՀ փաստաբանների պալատի վարկաբեկման հաշվին այդ անձանց հերոսացմամբ, սակայն ինչպես պարզվում է այս լրատվամիջոցների մղումներն այնքան էլ ազնիվ չեն, պարզվում է, որ news.am լրատվական կայքն այս անձանց առնչվող նյութերով օբյեկտիվ լուսաբանության կարիք կամ ցանկություն չունի, քանի որ իրենց համար կոռեկտությունն ավելորդ համարող փաստաբանների հետ դրա խմբագրությունը գտնվում է ընտանեկան հարաբերությունների մեջ, մասնավորապես՝ Լուսինե Սահակյանի ամուսինը այս կայքի գլխավոր խմբագիր՝ Արմենիկա Կիվիրյանի եղբայրն է, իսկ ովքե՞ր են արտոնել Արմենիկա Կիվիրյանին այսպիսի աշխատելաոճ որդեգրել, գուցե հետագայում առիթ ունենանք անդրադառնալ։
Բայց մի բան փաստ է։ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը նախկինում ձեռք էին բերել «ընդդիմադիր» փաստաբանների համբավ, այսինքն՝ տպավորություն էին թողել, որ իրենք սպասարկում են իշխանության հետ խնդիրներ ունեցող մարդկանց շահերը։
Այստեղ իհարկե հարցեր են ծագում, արդյո՞ք իրոք այս “զույգը” ընդդիմադիր է, այնքան է ընդդիմադիր, որքան news.am լրատվամիջոցը։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հավանաբար պարզ կդառնան։

Հայկ Հակոբյան

Դիտվել է՝ 1,748 անգամ