ditaket.am-ը արժանացել է մրցանակի

21:24, Դկտ 23, 2016


Ditaket.am լրատվականի լրագրող Լիաննա Մարտիրոսյանը   արժանացել է հավաստագրի 2016 թվականի հուլիսի 15-ից դեկտեմբերի 15-ը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի վերաբերյալ ամենահուզիչ հոդվածի հեղինակ անվանակարգում : «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանի խոսքով` լրագրողների եւ լրատվամիջոցների համար հիմնադրամի կողմից հայտարարված մրցանակաբաշխությունն անցկացվել է հինգ անվանակարգերում` COAF-ին ամենաշատն անդրադարձող լրատվամիջոցը, ամենաբազմազան թեմաներով հրապարակումների հեղինակը, գյուղական խնդիրներն օբյեկտիվ ներկայացնող լրատվամիջոցը, ամենահուզիչ հոդվածի հեղինակը եւ «ամենաcoaf-ական» լուսանկարը: «Մեզ համար այս մրցանակաբաշխությունն անչափ կարեւոր է, որովհետեւ այս տարվա հուլիսին մենք ունեցանք սեմինար «Լրատվամիջոցները եւ երեխաները» թեմայով, որտեղ առհասարակ խոսվում էր երեխայի թեման լրատվամիջոցներում արծարծել խնդրի մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը քառօրյա պատերազմի բերումով հատուկ մարդասիրական ծրագիր է իրականացրել, եւ հենց առաջին օրը բժիշկների եւ հոգեբանների թիմը մեկնել է Արցախ, օգնություն ցուցաբերել:«Երեխաներին սթրեսից հանելու համար էլ կազմակերպեցինք ամառային ճամբար»,-հավելեց Էվոյանը:

 

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Իննեսա Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ հիմնադրամի եւ լրատվամիջոցների միջեւ կապը հատկապես սերտացել է վերջին երկու տարում: «Մենք աշխատանքի բերումով գործ ենք ունեցել նաեւ շրջաններում գործող, ինչպես նաեւԱրցախի լրատվամիջոցների հետ»,- հավելեց Գրիգորյանը:

 

ditaket.am-ի կողմից մրցանակը ստացել է կայքի խմբագիր Հայկ Հակոբյանը։

 

Մեր լրատվականը շնորհավորում է մրցանակակիր բոլոր գործընկերներին, մաղթում նորանոր հաջողություններ։