Հովհաննես Թումանյանին հասցեագրված` Գրիգոր Վանցյանի նամակներն ամփոփվել են նորընծա գրքում

12:40, Դկտ 21, 2016


Անվանի գրականագետ, Հովհաննես Թումանյանի ժամանակակից ու ընկեր Գրիգոր Վանցյանի` ամենայն հայոց բանաստեղծին հասցեագրված 19 նամակներն ամփոփվել են «Ուսումնասիրություններ և հրապարակումներ» վերնագիրը կրող հատորյակում, որը լույս է ընծայվել օրերս` ընթերցողին ներկայացնելով նաև գրականագետի կենսագրական դրվագները: Վանցյանի աշխատությունների երրորդ հատորի կազմողը՝ պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանն  տեղե կացրեց, որ գրքի տպագրությունը երաշխավորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտխորհուրդը, և այն լույս է ընծայվել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից։

Գրիգոր Վանցյանի նախորդ երկու հատորները, որոնք տպագրվել են 2015 և 2016 թվականներին,  նույնպես լույս էին տեսել «ՋԱՀ»-ի մեկենասությամբ։ Հենց այդ գրքերի շնորհիվ մեր ժամանակակիցները ծանոթացան  ժամանակին մեծ ճանաչում ունեցած, բայց մեր օրերում քչերին ծանոթ Գրիգոր Վանցյանի կյանքին ու նրա թողած հարուստ գրական ժառանգությանը։

Գրիգոր Վանցյանի երկերի ժողովածուի նախորդ երկու հատորներում զետեղված են  հայագետի գիտական և հրապարակախոսական աշխատանքները, նամակները, թարգմանություններն ու  վեց գրքերը։ Ներկա հատորյակը բաղկացած է երկու խոշոր բաժիններից։ Առաջին բաժնում ամփոփված են կենսագրական բնույթի տեղեկությունները, որոնք սփռված են  զանազան հանրագիտարաններում, անգամ  «Բազմավէպ» հանդեսում։

Ժամանակին Գրիգոր Վանցյանի  գրքերն ու գիտական հրապարակումները մշտապես եղել են  մամուլի ուշադրության կենտրոնում։ Դրանց անդրադարձել ու դրվատանքի խոսքեր են ասել  ժամանակի այնպիսի հանրահայտ պարբերականներ, ինչպիսիք են «Հանդէս Ամսօրեայ», «Արարատ», «Բազմավէպ», «Մուրճ», «Երկիր», «Յոյս», «Մշակ», «Նոր դար», «Զարկ»:

Հատորյակի երկրորդ բաժինն ամբողջությամբ նվիրված է Գրիգոր Վանցյանի և Հովհաննես Թումանյանի փոխհարաբերություններին։ «Գրիգոր Վանցյանի նամակները Հովհաննես Թումանյանին», «Հովհաննես Թումանյանի նամակներն ընկերներին և հարազատներին», «Ընկերների նամակները Հովհաննես Թումանյանին» խորագրի ներքո հատորում զետեղված են  Վանցյանի  գրած 19 նամակները՝ հասցեագրված Հովհաննես Թումանյանին։ Ընթերցողը երևի կզարմանա, թե ինչո՞ւ հատորում չկան Թումանյանի նամակներից, որ Մեծ Լոռեցին  ուղարկել է Գրիգոր Վանցյանին։ Պարզ է, որ նամակագրու թյունը միակողմանի չի եղել։ Ցավոք, այդպիսիք չեն պահպանվել, կորել են, կամ դրանց տեղը առայժմ  հայտնի չէ։  Փոխարենը հատորում տեղ են գտել Թումանյանի՝ ընկերներին հղված 9 նամակները, ինչպես նաև ընկերների՝ Թումանյանին ուղարկած 7 նամակները։ Այդ նամակներն  ընդգրկված են հատորում, քանզի  դրանցում հիշատակվում է Գրիգոր Վանցյանի անունը։

Թումանյանի և Վանցյանի ներսիսյանական և հետագա տարիների ջերմ հարաբերությունների մասին են վկայում Թումանյանի «Աղոթք» և «Կանչ» բանաստեղծությունները։ Ահա թե ինչու դրանք ևս  տեղ են գտել վերոհիշյալ հատորում։

Ինչպես ընդգծեց Վահե Սարգսյանը, Հովհաննես Թումանյանի ծոցատետրում եղած գրառումից պարզվում է, որ հենց Գրիգոր Վանցյանն է նրան պատմել Ջավախքում տարածված «Փարվանա» լեգենդի մասին, ինչը առիթ է տվել մեծ բանաստեղծին գրելու իր հանրահայտ «Փարվանա» պոեմը։

Գիրքը լույս է տեսել բարերար  Սերգեյ Վանցյանի միջոցներով և այն ձոնվում է Վանցյանների գերդաստանի երկու արժանավոր ներկայացուցիչներ Գրիգոր և Լորենց Վանցյան եղբայրների հոբելյաններին։

Լևոն Ազրոյան