Խուզարկություն կատարելը թույլատրելիս անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման խնդիրը. Վճռաբեկի նախադեպը

14:22, Դկտ 6, 2016


ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների վերաբերյալ Ditaket.am-ը շարունակում է իր շարքն այս անգամ ներկայացնելով բնակարանի անձեռնմխելիության ապահովման իրավունքի և թե ինչ պայմաններում քննիչը կարող է բնակարանի խուզարկություն կատարել:
Այսպիսով, բնակարանի խուզարկությունը կարևորագույն քննչական գործողություններից մեկն է, որի արդյունքում կարող են ձեռք բերվել արժեքավոր ապացույցներ: Քննիչը, խուզարկություն կատարելու բավարար հիմքերի առկայության դեպքում, որոնք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ անձի մոտ գտնվում են հանցագործության հետքեր, գործիքներ կամ այլ արժեքավոր ապացույցներ, միջնորդություն է ներկայացնում դատարան` անձի բնակարանում խուզարկություն կատարելու մասին: Դատարանը, քննության առնելով քննիչի միջնորդությունը, կայացնում է որոշում` միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
Որոշման առկայության պարագայում խուզարկություն կատարելուց առաջ քննիչը պարտավոր է անձին, որի մոտ կատարվելու է խուզարկություն, ծանոթացնել որոշմանը, որի մասին նրանից վերցվում է ստորագրություն: Անձն իրավունք ունի որոշմանը ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել իր փաստաբանին ներկա գտնվելու խուզարկության իրականացմանը: Խուզարկությունը կատարվում է ընթերակաների, անհրաժեշտության դեպքում թարգմանչի և մասնագետի մասնակցությամբ: Իսկ վերջում խուզարկության ընթացքն ու արդյունքներն արտացոլվում են արձանագրության մեջ:
Նախկինում շատ հաճախ քննիչները ՝ բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման հիմքում կարող էին դնել անհայտ անձի կողմից ստացված <<գրությունը>>, որ օրինակ հնարավոր է գողոնը թաքցված լինի Ա. Բ -ի բնակարանում՝ չնշելով որևէ այլ հանգամանք: ԵՎ հիմնականում նույնիսկ այդպիսի հանգամանքներում դատարանները բավարարում էին քրեական հետապնդման մարմնի միջնորդությունը և թույլատրում կատարելու բնակարանի խուզարկություն։ Արդյո՞ք այսպիսի պայմաններում պահպանվում էր անձի՝ միջազգային-իրավական չափանիշներով և ներպետական իրավական կարգավորումներով ամրագրված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:
Նմանատիպ մի խնդիր էր առաջացել, երբ Ոստիկանության Շենգավիթի բաժնում անհայտ անձից ստացվել էր «օպերատիվ» տվյալ համաձայն, որի երկու միլիոն դրամի ոսկյա զարդեր են գողացվել մի կնոջ բնակարանից: Այնուհետև ոստիկանները կրկին անհայտ անձի կողմից ստացված «օպերատիվ» տվյալներով մտել էին նույն տարածքի դատարան, և ստացել թույլտվություն՝ հարևանի բնակարանը խուզարկելու մասին: Խուզարկել էին ոչ թե հարևանի,այլ նրա մոր բնակարանը՝ արդյունքում խախտելով վերջինիս բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Գործով բողոքաբերի պնդմամբ այդ գործողությունը կատարվել էր օրենքի խախտմամբ և ենթակա էր անվավեր ճանաչման ( Վճռաբեկ դատարանի 18.12.2015թ. որոշումը թիվ ԵՇԴ/0073/07/15 քրեական գործով դիմողներ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի ներկայացուցիչ Արմեն Ֆերոյանի բողոքի հիման վրա) : Վճռաբեկ դատարանը գտնելով, որ խուզարկություն կատարելը թույլատրելիս անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, անհրաժեշտ է համարել արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշման մեջ հստակ կերպով արտահայտել է հետևյալ դիրքորոշումը . « Բնակարանի խուզարկության կատարման փաստական հիմքն այն բավարար տվյալներն են, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ: Հաշվի առնելով, որ բնակարանում խուզարկություն կատարելը կապված է անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի էական սահմանափակման, ինչպես նաև հարկադրանքի կիրառման հետ` դրա կատարման փաստական հիմքին պետք է ներկայացվեն խիստ պահանջներ: Հակառակ մոտեցումը կհանգեցնի կամայականությունների` խախտելով միջամտության համաչափության սկզբունքը:
Այսպես, խուզարկության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ այս փուլում տվյալի գնահատման չափանիշներին ներկայացվում են ավելի ցածր պահանջներ, քան անձի մեղավորության հարցի գնահատման ժամանակ ապացույցների գնահատմանը:
Խուզարկության կատարման փաստական հիմք կարող են հանդես գալ, որպես կանոն, քրեական գործի նյութերում առկա և որոշակի բնակարանում գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկայի կամ անձի գտնվելու մասին տեղեկություններ պարունակող ապացույցները (կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի ցուցմունքներ և այլն): Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալներին` անհրաժեշտ է նշել, որ որոշ դեպքերում անփոխարինելի և եզակի տվյալներ կարող են պարունակել որոշակի բնակարանում գործի համար նշանակություն ունեցող առարկաների կամ անձանց գտնվելու վերաբերյալ, հետևաբար օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալները վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսելն անթույլատրելի է: Միևնույն ժամանակ օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատկություններով (մասնավորապես` գործունեության գաղտնի մեթոդների և միջոցների կիրառումը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնապահությունը («Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված) պայմանավորված` մի շարք դեպքերում վարույթն իրականացնող մարմինը զրկված է գնահատելու օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տվյալները: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալը հնարավոր է գնահատման ենթարկել, այն կարող է հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք: Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալը գնահատելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առնի միջոցառման՝
– կոնկրետ տեսակը
– արդյունքների ամրագրման եղանակը (օրինակ` տեխնիկական միջոցների կիրառման առկայությունը),
– աղբյուրի` օրենքով սահմանված կարգով բացահայտման հանգամանքը և այլն:
Իսկ այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալի գնահատումն անհնար է, այն ինքնին խուզարկության հիմք չի կարող հանդիսանալ, սակայն այլ տվյալների (այդ թվում` օպերատիվ-քննչական իրադրության) հետ համակցությամբ կարող է հաշվի առնվել խուզարկության կատարման անհրաժեշտության հարցը լուծելիս, հատկապես քննության վաղ փուլերում, երբ համապատասխան ապացույցներ դեռ ձեռք չեն բերվել:
23. Անհրաժեշտ է ընդգծել, որ խուզարկության կատարման փաստական հիմք են «բավարար տվյալները»: Այլ խոսքով` տվյալների առկայությունն ինքնին խուզարկության կատարման փաստական հիմք չէ, քանի դեռ չի համապատասխանում բավարարության վերաբերյալ պահանջին: Տվյալների` բավարարության տեսանկյունից գնահատումը պետք է հանգեցնի այն ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները: Ընդ որում, օրենսդրորեն նախատեսված չէ տվյալների համակցության վերաբերյալ պահանջ: Այլ խոսքով` տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի և արժանահավատ տվյալի, այնպես էլ` տվյալների համակցության վրա: »:

ՀՀ Փաստաբանական դպրոցի ունկնդիր
Դիաննա Ղազարյան

Դիտվել է՝ 815 անգամ