Ազատությունից զրկված անձի արդար դատաքննության իրավունքը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպը

14:43, Նյմ 10, 2016


Ditaket.am-ը շարունակելով ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների լուսաբանումը՝  այս անգամ մեր քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում  տեղեկանալու, թե ինչպես է տեղի ունենում ենթադրաբար հանցագործություն կատարած լինելու հիմքով դատավարական կարգավիճակ չունեցող, սակայն փաստացի ազատությունից զրկված անձի (բերվածի)  սահմանադրական իրավունքների պաշտպանությունը:

Ցանկացած այնպիսի  գործողություն անձի նկատմամբ, որն իր մեջ պարունակում է կասկած  և զուգորդվում է անձի իրավունքների սահմանափակմամբ  այդ պահից սկսում է անձի արդար դատաքննության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված է անձնական ազատության պաշտպանության իրավունքը: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է ենթադրաբար հանցագործություն կատարած լինելու հիմքով անձին ազատությունից զրկելու երկու ինքնուրույն միջոցներ` ձերբակալումը  և խափանման միջոց կալանավորումը: Սակայն մեր պրակտիկայում հաճախ լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ անձը փաստացի ազատությունից զրկված է, բայց չունի որևէ դատաիրավական կարգավիճակ:

Այս իրավիճակը շտկվել է Գագիկ Գառնիկի Միքայելյանի վերաբերյալ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի  2009  թվականի դեկտեմբերի 18-ի թիվ  ԵԱԴԴ/0085/06/09 որոշմամբ, որտեղ հստակ սահմանվել է, որ. <<Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բերվածի իրավական վիճակը համապատասխանում է «քրեական մեղադրանքի» ներկայացման Կոնվենցիոն պահանջին` Եվրոպական դատարանի բովանդակային մեկնաբանմամբ: Ուստի բերվածի կարգավիճակի առանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական և կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով.

ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը

(բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին

(գ) հրավիրելու իր փաստաբանին

(դ) լռելու                                      

 

Համապատասխանաբար, քրեական հետապնդման մարմինը պարտավոր է ապահովել բերվածի իրավունքների իրականացումը` բերվածի իրավունքները գրավոր պարզաբանելու, նրան առնվազն մեկ զանգի հնարավորություն ընձեռելու, բերվածի փաստաբանի մուտքը չխոչընդոտելու եղանակներով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև այն փաստը, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա` «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ  բովանդակային (գործնական) իմաստով (Դեվեերն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgium) գործով վճիռ, 1980թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետ 44): Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա:

Այսպիսով, մինչդատական վարույթում «ձերբակալվածի» և «կալանավորվածի» կարգավիճակների հետ մեկտեղ ազատությունից զրկված անձը կարող է ունենալ նաև նախնական իրավական կարգավիճակ, որը ըստ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման համաձայն  կարելի է անվանվել «բերվածի» կարգավիճակ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ (…) եթե քրեական հետապնդման մարմին բերելուց չորս ժամ հետո ազատությունից զրկված անձին ձերբակալման արձանագրությունը չի հայտարարվի, ապա անձն օրենքի ուժով պետք է համարվի ձերբակալված և իրավունք ունենա օգտվել ձերբակալվածի համար օրենքով սահմանված երաշխիքներից, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չկալանավորվելու դեպքում անհապաղ ազատ արձակվելու իրավունքից:

 

Դիաննա Ղազարյան

ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր

Դիտվել է՝ 808 անգամ