Փաստաբանների երկվությունը

15:59, Հկտ 21, 2016


Երկար ժամանակ եմ աշխատել փաստաբանների պալատում։ Շփվել եմ տարբեր տիպի փաստաբանների հետ։ Տեսել եմ փաստաբանների, ովքեր բամբ ձայնով իրավական տերմինների կիրառմամբ գրավել են հասարակությանը ու դարձել իդեալներ որոշների համար։ Տեսել եմ մասնագետների, ովքեր աղմկահարույց գործերում մշտապես ներգրավված են եղել և հարցի մարտավարությունը գտել են ոչ թե պայքարի, այլ սեփական անձը զոհի տեղ հրամցնելով, հասարակության մեջ ձեռք բերել խղճահարական հարգանք ու հեղինակություն։ Բայց հանդիպել եմ նաև սրտացավ անխոնջ փաստաբանների։ Մշտապես հավատեցել եմ այն գաղափարին, որ այդ համայնքը ամենակարողն է ու ամենահզորը, որովհետև գերակայում է իրավունքն ու կարգ ու կանոնը, որովհետև վստահ եմ եղել, որ այդ համայնքում իրար սիրում են ու հարգում են բացառապես բոլորը, իսկ խնդիրները քննարկում են միմյանց հետ կլոր սեղանի շուրջ։ Բայց երևի այլ աչքով եմ նայել կամ ցանկացել եմ այդպիսին տեսնել Փաստաբանների պալատը։ Արդեն սկսել եմ չհավատալ փաստաբանների այն խոսքին, թե մենք ուժեղ ենք միասին, մեր փրկությունը միասնության մեջ է և այլն․․․ Չեմ հավատում, ոչ թե նրա համար, որ նրանք ճիշտ չեն ասում, այլ նրա համար, որ միշտ դավադրության փորձ անողները իրենց «գործն» անում են։
Ինձ համար ստեղծել եմ փաստաբանի լավագույն կերպարը, սրտանց ցանկացել եմ դատարանի դահլիճում իրականում տեսնել այդ կերպարին մարդ պաշտպանելիս։

Հիմա վերադառնամ սկզբին։ Երկու փաստաբանների՝ կին ու տղամարդ, հայտնի Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի գործողություններին նայելիս հետևյալն եմ հասկանում։ Մեր հայտնիներն, ախր, շաաաատ «անտնտես են», որքան ասես հայց են ներկայացնում մեկ իմ դեմ, մեկ պալատի, եթե հայց են ներկայացնում ուրեմն արդարություն են փնտրում դատարանում և վստահ են, որ դատավորի ներքին համոզմունքը կբավարարեն, չէ՞, բայց հաջորդ րոպեին ինչ ասես ասում են դատարանին։ Այն դատարանին, որտեղից իրենք իրենց հայցի բավարարմանն են սպասում։
Օրինակ երեկ Երվանդ Վարոսյանը այս գրառումն է ձոնել մեր դատարաններին «Դժոխք են ընկնելու բոլոր այն “հարգելի դատարանները”, որ շատ լավ գիտեն, որ իրանցից ինչ հարգելի ))» կամ դրանից առաջ «Դժոխք են ընկնելու բոլոր այն դատավորները, ովքեր մի բան պեչատելուց հետո տուն են գնում ու մի տեսակ սեփական երեխեքի աչքերին դուխով նայել էլ չեն կարում…»։
Պարոնայք իրավական ճանապարհը բռնած «լանդորիկները» արդյո՞ք չեն պատկերացնում՝ որ ճանապարհը բռնեն` դատարանին դիմելու, դատարանին քննադատելու, թե՞ փողոցում մարդկանց վրա հարձակվելու ճանապարհները ։ Կարծում եմ չորրորդ տարբերակը՝ ինքներդ ձեզ հետ անկեղծանալը ու մարդկանց անունների հետ խաղալու պախարակիչ գործողություններից զերծ մնալը, որովհետև ոչինչ հավերժական չէ, որովհետև բումերանգը իզուր չեն հնարել, այն միշտ վերադառնում է, կամ Նոյի ագռավի աստվածաշնչյան խորհուրդը պետք է բոլորիս ուղեկցի և վերջապես, որովհետև մի քիչ քրիստոնյա պետք է լինել։ Չնայած դրա մի քիչը չի լինում։

Վերջերս Երվանդ Վարոսյանը շատ է սկսել խոսել փաստաբանների պալատի թափանցիկությունից։ Մեկը լինի հարցնի, ա՛յ ընկեր Վարոսյան, բա ինչո՞ւ մինչև քեզ պատասխանատվության ենթարկելը չէիր խոսում թափանցիկությունից։ Մեկը լինի հարցնի, ընկեր Վարոսյան, որ թափանցիկ լիներ, արդյոք կկարողանայիր 2013 թվականին փաստաբանների պալատից մի պայմանագրով դու ստանայիր մոտ 1 մլն. դրամ, իսկ Լուսինե Սահակյանը ավելի քան 1 մլն. դրամ ։ Ու սա միայն մեկ պայմանագրով։ Էդ ինչո՞ւ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը պետք է մի քանի ծրագրերով գումարներ ստանային փաստաբանների պալատից։ Ինչու նրանց արյունն ավելի՞ կարմիր է, քան մյուս փաստաբաններինը։
Փաստաբանների պալատը պարտավոր է թափանցիկ լինել ու պետք է բացահայտի իր իրական հերոսներին։ Համոզված եմ. կեղտը ձյան տակ չի մնում։

Լուսանկարը՝ Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից։

Հայկ Հակոբյան

Դիտվել է՝ 765 անգամ