Նյու Յորքում «Հայաստան» ներդրումային համաժողովին մասնակցում են շուրջ 100 միջազգային ներդրողներ

15:53, Հկտ 11, 2016


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ներդրումային համաժողովը, որի հիմնական նպատակն է օտարերկրյա ներդրողներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և որը Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է ներդրումների խթանման նպատակով: Երկօրյա համաժողովին մասնակցում են տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և շուրջ 100 միջազգային ներդրողներ: 

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին, երկրի մրցակցային առավելություններին ու ներդրումային հնարավորություններին, իրականացվող  բարեփոխումներին, բարենպաստ գործարար միջավայրին, տարածաշրջանային շուկաներ Հայաստանի միջոցով մուտքի դյուրինությանը և մակրոտնտեսական կայուն միջավայրին։ Նախագահը ներդրողներին առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս՝ դե պի տարածաշրջանի հիմնական շուկաներ։

Ելույթներով հանդես են եկել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրանկ Հիմսկերկը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալլոնը։

Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է գլոբալ զարգացումների համատեքստում ձևավորված՝ Հայաստանի կամրջող դերը Եվրոպայի և Ասիայի, Արևելքի և Արևմուտքի միջև, ինչը արտաքին ներդրողներին շահավետ այլընտրանք է առաջարկում՝ հատկապես հաշվի առնելով միջազգային տարբեր կառույցներին Հայաստանի անդամակցության և ազատ առևտրի համաձայնագրերի առկայության փաստը։ Շեշտվել է, որ Հայաստանը 180 մլն. շուկա ունեցող ԵԱՏՄ անդամ պետություն է, ազատ առևտրի համաձայնագիր ունի ԱՊՀ բոլոր երկրների հետ, որն ընդհանուր առմամբ ունի 230 միլիոն սպառող։ Հայաստանը, միաժամանակ, օգտվում է Եվրոպական Միության արտոնությունների համալրված ընդհանուր համակարգի (ԱԸՀ) ռեժիմից, որն արտոնություն է տրամադրում շուրջ 6400 ապրանքների նկատմամբ: Երկիրն ԱԸՀ ռեժիմ ունի նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ, իսկ Իրանի հետ ավանդական դարձած առևտրային ու տնտեսական կապերն այսօր օղակ են հանդիսանում այլ տնտեսությունների համար դեպի իրանական շուկա:

Համաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև երկրի ընձեռած մրցակցային առավելությունները՝ ռազմավարական շուկաների մուտքի դյուրինությունը, կրթված և ոչ թանկ աշխատուժը, նպաստավոր և անընդհատ բարեփոխվող բիզնես միջավայրը, որոնք Հայաստանը հրապուրիչ վայր են դարձնում ներդրումների համար ու ընձեռում արտոնություն՝ օգտվելու տարածաշրջանի այլ շուկաներից։

Համաժողովի շրջանակում կազմակերպված 10 լիագումար նիստերի ընթացքում հավանական ներդրողներին առաջին ձեռքից՝ անմիջականորեն Հայաստանի կառավարության ներկայացուցիչներից, տեղեկություններ կտրամադրվեն ՏՏ, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, տրանսպորտի, դեղագործության, զբոսաշրջության, ֆինանսական ոլորտներում Հայաստանի առաջարկած նորարարական հնարավորությունների մասին: Ընդարձակ զեկույց է նախատեսված նաև ֆինանսական ինստիտուտների կողմից մասնավոր ներդրումների աջակցման գործիքների վերաբերյալ:

Մի շարք օտարերկրյա ներդրողներ՝ «Արմենիա Մարիոթ Երևան», «Կոնտուր Գլոբալ», «Ազադ ֆարմա ԷյՋի», «Նեշընըլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», ««Զվարթնոց» միջազգային օդանավակայաններ», «Կոկա Կոլա Հելլենիք Արմենիա» և այլ ընկերություններ համաժողովի մասնակից գործարարներին կներկայացնեն Հայաստանում ներդրումների իրենց հաջողված փորձը: Համաժողովի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ, ՏՏ ոլորտում հուշագրի ստորագրում:

Առավել մանրամասն տեղեկատվություն զետեղված է «Հայաստան» ներդրումային համաժողովի պաշտոնական կայքում՝ http://invest-armenia.com: Մամուլի հաղորդագրությանը կցված է նաև համաժողովի առաջին օրվա աշխատանքների, օրակարգի, նիստի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվական փաթեթ։ 

Դիտվել է՝ 38 անգամ