Բյուրեղացնենք մեր երկրի անկախությունը՝ աղբը գետնին չգցելով

14:27, Սպտ 21, 2016


Ավելի լավ է մեկ մոմ վառել,

քան անվերջ անիծել խավարը

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 21-ին ընդառաջ պետական պաշտոնյաները,  հասարակ քաղաքացիներն ու սոց ցանցերի օգտատերեր՝ սկսած ՊՈԱԿ-ի տնօրենից  մինչև անկախ Հայաստանի տարիքը անգամ չունեցող փոխնախարար, գրառումներ են կատարում և շնորհավորական ուղերձներ հղում։ Այնուհետև կենցաղով տարված մոռանում ենք այն պաթոսն ու վեհ խոսքերը, որոնք Անկախության տոնին շռայլվում են մեր անկախ երկրին։

Ո՞րն է անկախության գիտակցման նվազագույն սանդղակը։ Ամենքը յուրովի է պատկերացնում ազատ ու անկախ երկիրն։ Եթե մարդ մի քանի կոշիկ ավել մաշի Հայաստանի ճամփեքին ու իր փոքրիկ ներդրումն ունենա նրա բարգավաճման գործում, ապա ավելի կկարևորի և կփայփայի այն։ Եվ հենց այդ ճանապարհին էլ կարել է հանդիպել ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ։

Սա համեմատության այն դեպքն է, երբ պետք չէ օրինակ բերել հարևան երկրներին։ Կարելի է օրինակ վերցնել հայկական երկրորդ ու տարածքով ավելի փոքր պետությունից։ Պետք է անգամ նախանձել Ստեփանակերտում տիրող կարգուկանոնին։ Անկախությունը մեր մաքուր փողոցներն են, իսկ անկախության կրողը ծխախոտի կամ աղբի մնացորդը աղբամանը նետող քաղաքացին։ Վստահ եմ, թեկուզ ենթագիտակցորեն, արցախցիները մաքուր են պահում իրենց երկիրը։

Ինչպես բնությունն է կատարյալ և հաշվի են առնված բոլոր մանրուքներն, այնպես էլ պետականությունն ու անկախությունն է բյուրեղացված մատուցվում յուրաքանչյուր ժողովրդին։ Իսկ դրա կատարյալ պահպանումը մեր ձեռքերում է։ Իսկ այն, որ անկախությունը անփոխարինելի արժեք է վաղուց բոլորս պետք է հաշվի նստենք։ Անկախությունը մեր հանդուրժողականություն է ու անհանդուրժողականությունը այն երևույթների հանդեպ, որոնք դարերով եկել են ու հասել են մեզ, անկախությունը մեր հայրենիքն է, անկախությունը մեր եռագույնն է, անկախությունը զինանշանի վրա գտնվող առյուծն ու արծիվն են, և վերջապես անկախությունը մեր երկրում ապրող ազգն է։ Անկախությունը մեր մանկությունն էր ու մեր զավակների ապագան։ Այնպես, որ ամեն օր պետք է բյուրեղացնենք մեր պետականությունն ու անկախությունը՝ աղբը գետնին չգցելով։

Հայկ Հակոբյան

Դիտվել է՝ 183 անգամ