Տարածվող ո՞ր տեղեկությունը կարող է համարվել գովազդ․վճռաբեկի նախադեպը

12:51, Սպտ 20, 2016


Ditaket.am-ը սկսում է վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների լուսաբանումը, որը հնարավորություն կտա մեր քաղաքացիներին տեղեկանալ թե տարբեր իրավիճակներում օրենքի ոչ միատեսակ կիրառության պայմաններում, ինչպես է այս կամ այն նորմը մեկնաբանում վճռաբեկ դատարանը։

Բավական հաճախ տնտեսվարող սուբյեկտները բախվում են արտաքին գովազդի հետ կապված առաջացող խնդիրների հետ: Նշեմ, որ արտաքին գովազդ տեղադրելու համար բոլոր դեպքերում անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն:  Երևան քաղաքի ավագանու 18.11.2009 թ-ի  թիվ 37-Ն որոշմամբ և  «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանվել են Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման կանոնները, որոնք իրենց մեջ ներառում են ընդհանուր դրույթներ, գովազդի թույլտվություն տալու կարգը և արտաքին գովազդի տեղադրման չափորոշիչները:  Նախկինում ցանկացած տեղադրված  տեղեկատվություն դիտարկվում էր, որպես արտաքին գովազդ, իր բոլոր հետևանքներով և պարտադիր օրենսդրական պահանջներով, այսինքն, օրինակ եթե խանութի արտաքին պատին տեղդրված էր <<խանութ>> գրառումը, դա դիտվում էր որպես արտաքին գովազդ,  իրավիճակը շտկվել է ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/0429/05/13 վարչական գործով («Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի)  կայացրած  նախադեպային որոշմամբ, որով հստակ ամրագրվել է այն վավերապայմանները, որոնց միաժամանակյա առկայության պարագայում տեղեկությունը կարող է համարվել գովազդ, ըստ վճռաբեկ դատարանի տեղեկությունը գովազդ համարելու համար այն պետք է հնարավորություն տա անհատականացնել կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձին, ապրանքը, գաղափարը կամ նախաձեռնությունը, այսինքն՝ պետք է առկա լինի գովազդի օբյեկտը, տեղեկությունը պետք է տարածվի տեղեկատվական առնվազն մեկ միջոցով, տեղեկությունը պետք է նախատեսված լինի անորոշ անձանց շրջանում տարածելու համար, տեղեկությունը պետք է նպատակ հետապնդի ձևավորել և պահպանել գովազդվող օբյեկտի նկատմամբ հետաքրքրությունը: Նշված առանձնահատկություններից որևէ մեկի բացակայության պայմաններում տեղեկությունը գովազդ համարվել չի կարող:

Վճռաբեկ դատարանը  նշել է, որ տարածվող տեղեկության մեջ ապրանքների կամ ծառայությունների որոշակի խմբի ընդհանրացնող անվանման ներառումը (օրինակ՝ «հագուստ», «մթերք», «հյութեր», «գեղեցկության սրահ» և այլն) չի կարող համարվել գովազդ, որովհետև այդպիսի անվանումները հնարավորություն չեն տալիս միասեռ ապրանքների և ծառայությունների շրջանակից առանձնացնել կոնկրետ ապրանք կամ ծառայություն, և դրա նկատմամբ ձևավորել դրական վերաբերմունք: Վճռաբեկ դատարանի նշված որոշումը այլևս  թույլ կտա տնտեսվարող սուբյեկտներին, ֆիզիկական անձանց հստակ պատկերացում կազմել, թե արդյոք իրենց կողմից անորոշ անձանց շրջանակում  տարածվող տեղեկությունը  համարվում է գովազդ, հետևաբար, դրա տեղադրման համար արդյոք անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն, թե՝ ոչ:

Փաստաբան Աղավնի Մադոյան

(արտոնագիր 1727)

Դիտվել է՝ 1,211 անգամ