Ապրիլյան պատերազմի հերոսների մասին պատմող 100 հոլովակ է պատրաստվել «Աշխարհազոր» ՀԿ-ի կողմից (տեսանյութեր)

16:11, Սպտ 2, 2016


«Աշխարհազոր» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության 25-ամյակի օրը, ներկայացրել է «Ճանաչենք մերօրյա հերոսներին» խորագրով ծրագիրը, որը հոլովակների միջոցով պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասին։

Հայաստանի երիտասարդկան հիմնադրամի մամուլի ծառայության փոխանցմամբ` «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանը նշել է, որ թեման միշտ արդիական է, քանի որ միշտ էլ կարևորագույն խնդիր է հերոսի կերպարի արժևորումը, և որքան էլ ժամանակ անցնի, թե′ նախորդ սերնդի, թե′ մերօրյա հերոսների սխրանքը պետք է իմանա ցանկացած հայ մարդ։

«Մենք որոշեցինք «Ճանաչենք մեր հերոսներին» շարքն այս անգամ նվիրել նորօրյա հերոսների հիշատակին։ Պատրաստվել է 100 հոլովակ։ Դրանք այսօրվանից սկսած տեղադրվում են «Աշխարհազոր» ՀԿ-ի յութուբյան էջում»,- ասում է Րաֆֆի Գևորգյանը։

Զոհված տղաների մասին նյութերը, ըստ ՀԿ ղեկավարի, հավաքագրվել են մամուլից, համագործակցելով պաշտպանության նախարարության հետ՝ ճշգրտվել են տեղեկությունները, զինծառայողների սխրանքի պատմությունները, նրանց պարգևատրումները և այլն։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախորդ երկու տարիներին նկարահանվել էին Արցախյան պատերազմում հերոսացած տղաների մասին պատմող հոլովակներ, որոնք տարածվել են սոցիալական ցանցերով, հեռարձակվել են տարբեր հեռուստաընկերությունների կողմից։  Նորօրյա հերոսների մասին պատմությունները նույնպես ծրագրվում է հեռարձակել հեռուստաեթերով:

 

 

 

Դիտվել է՝ 868 անգամ