Հայ արիները Նավասարդը նշել են Հայկ Նահապետի արձանի մոտ ու Արարտյան դաշտում

21:14, Օգս 11, 2016


Այս տարի եւս հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Նավասարդի տոնը կամ Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը, նշել են օգոստոսի 11-ի արեւածագին, քաղաքամայր Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ: Այս մասին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոնից՝ հավելելով. «Հայկ Դյուցազունն այս օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատյան Աշխարհ նենգորեն մտած Տիտանյան Բելին: Հայոց Աշխարհին ու դեռ  ցաքուցրիվ հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայքի վերատիրման ու Հայ Աստվածների կամքի հաստատման:

Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները ռազմական ծեսով ձոներ հղեցին Հայ Աստվածներին եւ հետո դարձան մարդ-աստծուն՝ Հայկին՝ նրանից խնդրելով ուժ՝ գենետիկորեն մաքուր ապրելու, որպեսզի բելեր չծնվեն այլեւս, եւ Հայոց գենն անսասան ու անաղարտ մնա: Որպեսզի Հայոց գենն այլ ակունքից ջուր չխմի՝ այդպիսով թուլացնելով իրեն եւ զորացնելով դիմացինին:

Հայ Արիական միաբանության եւ Հայ Ազգայնականների համախմբման անդամները քրմերի մասնակցությամբ  Հայկի արձանի մոտ ծիսական արարողության ավարտից հետո Նավասարդյան տոնը նշեցին Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո: Զոհաբերվեցին 8 աքլորներ՝ ի խորհուրդ հայկական ութանկյուն արեւխաչի: Եվ  արեւխաչի միջոցով ձոներ ու հին երգեր հղվեցին Հայկ Նահապետին, Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին: Գինեձոներ հղվեցին առ այն, որ Հայը վերագտնի իր Գենետիկ զորությունները եւ վերատիրի Հայքին, որ Ազգը արթուն մնա եւ Հայի Գենից այլեւս միայն Հայկյաններ ծնվեն:

Եվ որ այդպիսով մի նոր դարաշրջան բացվի հայության համար, ինչպես ժամանակին՝ Ք.Ա. 2492թ. Հայկյան ազատամարտից հետո նոր դարաշրջան բացվեց հայության վերելքի համար, եւ կրկին մերվեցին Երկնային ու Երկրային Հայկական Աշխարհները… Նոր կյանք բացվեց հայի համար եւ իզուր չէ, որ մի երկսր ժամանակահատված օգոստոսի 11-ն էր նշվում որպես Նոր Կյանքի օր՝ Նոր Տարի…

Հայկ Նահապետը Արարչահաղորդ Արորդի էր, ով որպես  Մարդ-Աստված էր առնչվում Հայ Աստվածների հետ: Նա այնքան հզոր Աստվածամարդ էր, որ  հայերը նրան Երկրային Աստված հռչակեցին… Եվ Հայկը խոսեց Աստվածների հետ, շարունակեց կատարել Աստվածային առաջադրանքներ…

Այսօր էլ մեր Նահապետի Հոգին է Մեծ Տիեզերքում կատարում այդ առաջադրանքները՝ վասն Հայքի վերամիավորման ու Հայի միասնության…

Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Անգամ Հայկյան տոմար ստեղծվեց՝ Բուն Հայոց տոմարը, որ մեկնարկել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակով (Խոշաբի կամ Հայոց Ձորի ճակատամարտ), որը տեղի է ունեցել Ք.ա. 2492թ. Նավասարդի 1-ին (օգոստոսի 11):

Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:

Ի դեպ, Հայ արիների մի խումբ էլ Հայկյան ոգեկիր Գարեգին Նժդեհի արձանի մոտ դիմավորեց արեւածագը՝ փառաբանելով մեր ժամանակների նվիրյալ հային, ով դարեր անց խոսեց Հայ Աստվածների հետ, երդվեց ռազմի ու զորության Վահագն Աստծո աջի վրա եւ, որպես ցեղակրոն հայորդի, հեռացավ Երկնային Հայոց Աշխարհ՝ որպես Աստվածամարդ…»։

 

Դիտվել է՝ 778 անգամ