Ո՞ր մարմնի կողմից և ի՞նչ ընթացակարգով են տրամադրվում քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ վկայականի կրկնօրինակներն ու տեղեկանքները

10:35, Հլս 9, 2016


Այս անգամ անդրադարձս քաղաքացիական ակտերի գրանցումների վերաբերյալ վկայականի կրկնօրինակներ և/կամ տեղեկանքներ ստանալու ընթացակարգի և դրա առանձնահատկությունների վերաբերյալ, մասնավորապես ո՞ր մարմնի կողմից, ու՞մ, ի՞նչ կարգով և ի՞նչ վճարների դիմաց է տրամադրվում համապատասխան վկայականի կրկնօրինակը և/կամ պահանջվող փաստաթուղթը:

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրվում է՝

  1. այն անձին, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը,
  2. մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին, եթե քաղաքացիական կացության ակտի գրառումը վերաբերում է մահացածին,
  3. ծնողներին, օրինական ներկայացուցիչներին կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, այն դեպքում, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտի գրառումը, վկայականի կրկնօրինակի տրամադրման օրն անգործունակ է,
  4. այլ անձի, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու իրավասություն ունեցող անձի կողմից վավերացված լիազորագիր:

16-18 տարեկան երեխաները ծննդյան վկայականների կրկնօրինակներ կարող են ստանալ իրենց դիմումի հիման վրա, եթե ունեն անձը հաստատող փաստաթուղթ:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ վկայականի կրկնօրինակներն ու տեղեկանքները տրամադրում են՝

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվը՝ հետևյալ դեպքերում.

Ա. երբ քաղաքացիական կացության ակտի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնում բացակայում է տվյալ ակտային գրանցումը,

Բ. արխիվում պահպանվող օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից կատարված ակտային գրանցումների հիման վրա,

Գ. արխիվում պահպանվող Երևան քաղաքի մինչև 1947թ. ծննդյան ակտային գրանցումների հիման վրա:

  1. Ամուսնության պալատը՝ իր կողմից ամուսնության, ամուսնալուծության և ծննդի ակտային գրառումների վերաբերյալ:
  2. Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինները՝ իրենց կողմից մահվան փաստի ակտային գրառումների վերաբերյալ:
  3. Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային մարմինները` իրենց կողմից կատարված ակտային գրառումների վերաբերյալ:
  4. ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների մասով:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ վկայականի կրկնօրինակներն ու տեղեկանքները տրամադրում են քաղաքացիական կացության ակտերի գրառումների հիման վրա, քաղաքացիների դիմումների համաձայն:

Վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու մասին դիմումի հետ միասին դիմումատուն ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը:
Եթե վկայականի կրկնօրինակ կամ տեղականք ստանալու խնդրանքով ՔԿԱԳ տարածքային մարմին է դիմել լիազորված անձը, ապա նա վերը նշված փաստաթղթերից բացի ՔԿԱԳ տարածքային բաժին պետք է ներկայացնի նաև դիմումատուի անունից հանդես գալու վերաբերյալ նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու իրավասություն ունեցող անձի կողմից վավերացված լիազորագիրը, ինչպես նաև լիազորողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում-հայտարարություն,
  2. հայցողի (եթե անձամբ է դիմել) անձը հաստատող փաստաթուղթ,
  3. հայցողի բնակության ՔԿԱԳ տարածքային բաժնից տրված տեղեկանք՝ ամուսնության ակտի բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաև ամուսնության դադարման փաստը հավաստող փաստաթղթի պատճենը,
  4. լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու իրավասություն ունեցող անձի կողմից վավերացված լիազորագիրը և լիազորվածի անձը հաստատող փաստաթուղթ:

Եթե ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար դիմումը ներկայացրել է դիմողի ծնողը, ապա նա ներկայացնում է նաև դիմում-հայտարարություն, իր անձը հաստատող փաստաթուղթը. և հայցողի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները:

Տեղեկանքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Օտարերկրյա պետությունում գտնվող տեղեկանք հայցողը (լիազորված անձը, ծնողը) տեղեկանք ստանալու համար կարող է դիմել նաև տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Տեղեկանքը տրվում է վերը նշված նախատեսված փաստաթղթերը արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց՝ մինչև մեկ օր: Ընդ որում ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել ևս յոթ օրով:

Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության և ներկայացված փաստաթղթերի պատճենները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն։ Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար։

Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով։

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամ։ Մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկանք տրամադրելու համար գանձվում է լրացուցիչ արտաբյուջետային վճար՝ 10000 ՀՀ դրամի չափով, իսկ երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը մատուցելու համար՝ 7000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր

Աննա Գրիգորյան

Դիտվել է՝ 1,900 անգամ