Զենքի համաշխարհային շուկան 2015-ին ամենաբարձր աճն Է արձանագրել վերջին 10 տարվա ընթացքում. Bloomberg

14:32, Հնս 13, 2016


Սպառազինությունների համաշխարհային շուկան 2015 թվականին աճել է 10 տոկոսով եւ 65 մլրդ դոլար ծավալի է հասել մեկ տարի առաջվա 58,4 մլրդ դոլարի դիմաց: Նման աճի, որն առավելագույնն է վերջին տասը տարվա ընթացքում, հիմնական պատճառը Սաուդյան Արաբիայի կողմից ռազմական տեխնիկայի գնումների կտրուկ ավելացումն է մինչեւ 9,3 մլրդ դոլար՝ 2015 թվականին: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով HIS ընկերության կողմից պատրաստված Global Defence Trade Report հաշվետվությունը, որը հրապարակվել է հունիսի 12-ին:

«Սաուդյան Արաբիայի կողմից սպառազինությունների գնումների կտրուկ աճը պայմանավորված է Եմենի հակամարտությանը նրա մասնակցությամբ: Նաեւ այդ փաստի շնորհիվ է, որ ռազմական տեխնիկայի համաշխարհային վաճառքները, 2015 թվականի հաշվետվությանը համապատասխան, աճել են 10 տոկոսով»,- նշում է գործակալությունը:

Զենքի պահանջարկն էականորեն աճել է նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների մեծ մասում:

2015 թվականի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան սպառազինությունների ներմուծման ծավալով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում՝ անցյալ տարի գնումներն ավելացնելով 50 տոկոսով: Անցյալ տարի զենքի գնումներով երկրորդ տեղն զբաղեցրել է Հնդկաստանը, երրորդը՝ Ավստրալիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Դիտվել է՝ 110 անգամ