Հայաստանում իրավաբանական անձի պետական գրանցման ընթացակարգը

18:14, Հնս 6, 2016


Դեռևս 2011 թվականի ապրիլից իրավաբանական անձանց գրանցման բնագավառում ներդրվեց «Մեկ պատուհանի» սկզբունքը, ինչը իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հիմնադրելու ցանկություն ունեցող անձանց հնարավորություն տվեց, այցելելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալություն, իրականացնել պետական գրանցման համար անհրաժեշտ ողջ  գործընթացը: Գործակալությունն, իր հերթին համագործակցելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և այլ մարմինների հետ, ապահովում է ստեղծվող ընկերության ֆիրմային անվանման, հարկային հաշվառման համարի, ապահովադրի հաշվառման համարի տրամադրման, պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ գործընթացների իրականացումը:

Այսպիսով, իրավաբանական անձի պետական գրանցումը կատարվում է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցվող կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և ֆինանսկան այլ կազմակերպություններ, այդ թվում՝ դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկները): Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեն
իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, ինչպես նաև դիմելու իրավունք ունեցող անձանց կողմից լիազորված ցանկացած անձ: Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար Գործակալություն է ներկայացնում՝

  1. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը),
  2. իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
  3. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  4. տեղեկություններ՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
  5. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և այլն) վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաև պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:

Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում Գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը: Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

Առևտրային կազմակերպությունների պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում: Ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման տուրքը կազմում է 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ:

Արդեն իսկ գրանցված իրավաբանական անձանց, գործող օրենսդրությանը, փաստաթղթերի նմուշային ձևերին, հայտի օնլայն լրացման տարբերակին, պետական տուրքի վճարման և դրա առանձնահատկություններին ծանոթանալու, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար գործում է ՀՀ Կառավարության Էլեկտրոնային Ռեգիստր (www.e-register.am ):

Աննա Գրիգորյան

ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր