Փաստաբան Լուսինե Սահակյանը սեփական մորից խլո՞ւմ է անշարժ գույքը

09:53, Ապր 30, 2016


Ditaket.am-ը առիթ ունեցել է անդրադառնալու իրեն որպես հայտնի փաստաբան համարող Լուսինե Սահակյանի գործունեությանը: Ազատ խոսքի համար պայքար տանող եռյակը` Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Արգիշտի Կիվիրյանը, փոխանակ ditaket.am-ի հրապարակային տեղեկություններին վերաբերվեն գոնե հարգանքով, օրեր առաջ Ամիրյան փողոցում եռյակով հարձակվել են   ditaket.am-ի խմբագրի վրա բղավելով «բան ունես  ասելու, արի ասա»  ոճի մեջ:
Ditaket.am-ը հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը հարգելով պարբերաբար ներկայացնելու է այս եռյակի և նրանց հովանավորների վերաբերյալ իրական տեղեկություններ:
Լուսինե Սահակյանը դատական վեճի մեջ է մտել սեփական մոր հետ:
Փաստաբան Լուսինե Սահակյանը դեռևս 2004 թվականին դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան և հանդես գալով որպես Երևանի Սևաստոպոլյան փողոցի 22-րդ տան բնակիչ, դիմումով հայտնել է, որ մշտական հաշվառված բնակվում է այդ տանը և հանդիսանալով այդ հասցեում գտնվող 720քմ. հողամասի մեկ երկրորդ բաժնի սեփականատերը` նշված հասցեում փաստացի իրեն են պատկանում նաև 311քմ. շինություններ և 34,6 գծամետր պարիսպ, որոնք, հանդիսանալով ինքնակամ կառույցներ, տիրապետվում և օգտագործվում են իր կողմից:
Ինչպես Լուսինե Սահակյանն է դատարանին հայտնել, վերոնշյալ ինքնակամ կառույցներն իրականացվել են ավելի քան տասը տարի առաջ, դրանցից բնակելի տան մի մասը կառուցվել է հարակից փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեի 10,6քմ. հողամասի վրա: Ըստ դիմումատուի, 10,6քմ. հողամասը պետք է ճանաչվի որպես տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով դրա, ինչպես նաև ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվի իր սեփականության իրավունքը:
Դատարանն էլ, առանց ներգրավելու այդ տունը, հողամասը և այլ գույքը իրական տիրապետողներին, հատկապես Լուսինե Սահակյանի մորը` տիկին Հերիքնազ Շիրինյանին, տիրազուրկ է ճանաչել այդ գույքը և ճանաչել Լուսինե Սահակյանի սեփականությունը:
Մեր որոշ տեղեկություններով պարզվում է, որ Երևանի Սևաստոպոլյան փողոցի 22-րդ տան հողամասի մի մասը Լուսինե Սահակյանի ազգականների կողմից Արգիշտի Կիվիրյանին տրված լիազորագրով, նույն Արգիշտի Կիվիրյանը օտարել է իր կին Լուսինե Սահակյանին: Այս մութ գործարքի մանրամասները դեռ ճշտվում են:
Այս պատմության մեջ զավեշտալին Լուսինե Սահակյանի վերաբերմունքն է սեփական մոր հանդեպ: Մայրը` տիկին Հերիքնազ Շիրինյանը, ով իրեն ճանաչողների պատմելով բարեխիղճ և ինտելիգենտ կին է, մեկ նպատակ ունի, այն է` վերականգնել արդարությունը` վերադարձնել իր տունը, և այն կտակել իր երեք թոռներին` դուստր Լուսինե Սահակյանի երկու երեխաներին և իր հանգուցյալ որդու զավակին: Այս բարեխիղճ մոտեցումը և նման ոչ նյութական նվիրված վերաբերմունքը թվում է, թե պետք է հալացներ ցանկացած քարացած զավակի սիրտ, սակայն Լուսինե Սահակյանը մնացել է անդրդվելի: Պայքարում է մոր դեմ:
Մայրն անճարությունից ելնելով` 2015 թվականի մայիսի սկզբին ստիպված դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ` իրավաբանական օգնություն ստանալու համար:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանն էլ համարձակվել է իրեն հայտնի համարող Լուսինե Սահակյանի դեմ գործը մակագրել հանրային պաշտպանի: Ու սկսվել է  Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի դեմարշն ընդդեմ Մելանյա Առուստամյանի:
Եթե փաստաբանների պալատի հետ կապված 2015 թվականի երկու աղմկահարույց դեպքերը վերհիշենք և դրանց ժամանակագրությունը նայենք, ապա կտեսնենք հետևյալը`
– 2015 թվականի մայիսի վերջում, խորհրդի նիստում տեղի ունեցած քաշքշուկը առաջացել էր, երբ խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը բացարկ էր հայտնել Մելանյա Առուստամյանին այն բանի համար, որ քննվում է հանրային պաշտպանի կարգապահական գործ: Բանն այն է, որ Լուսինե Սահակյանը շատ կոպիտ կերպով դուրս էր հրավիրել Մելանյա Առուստամյանին` չունենալով բացարկ ներկայացնելու իրավունք («դատավորը» «դատավորին» չի կարող բացարկ հայտնել), իսկ Երվանդ Վարոսյանն էլ, որը նիստ էր նախագահում, միացել էր Լուսինե Սահակյանի առաջարկին ու դուրս հրավիրել Մելանյա Առուստամյանին, իսկ խորհրդակցական սենյակում, թե ինչ է տեղի ունեցել մամուլից արդեն տեղյակ ենք:
– 2015 թվականի հուլիսին մեկ գործով հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի բողոքը բավարարել էր քրեական վերաքննիչ դատարանը, որտեղ սակայն նիստին մասնակցել են Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը: Այդ առիթն էլ այս զույգը օգտագործեց, որպեսզի վարկաբեկեն հանրային պաշտպանին, բնականաբար` անուղղակիորեն վարկաբեկելով հանրային պաշտպանի գրասենյակը: Ահա այստեղ էր, որ ՓՊ մամուլի խոսնակը օժանդակել էր հանրային պաշտպանին, ինչն էլ այս զույգի կողմից արհեստականորեն ներկայացվեց, որպես թե պատվերով հոդված է իրենց դեմ գնացել: Այս զույգը այնքան էր տարված փաստաբանների պալատին սևացնելու գործելակերպով, որ առաջ քաշեցին նաև այն վարկածը, որ իբր իրենք սահմանադրական բարեփոխումներին դեմ են ու հենց այդ պատճառով իրենց հալածում են:
Նշված զույգի մյուս պատմությունները, ինչպես նաև սեփական մորը ունեզրկելու հետ կապված հետագա զարգացումները, կներկայացվեն հաջորդիվ:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում էլ այս պահին քննվում է մեկ քաղաքացիական գործ տիկին Հերիքնազ Շիրինյանի և նրա դուստր Լուսինե Սահակյանի մասնակցությամբ (ԵԱՔԴ/2981/02/15): Լիահույս ենք, որ Լուսինե Սահակյանը կհիշի ամենակարևոր պատվիրաններից մեկը և իր մոր հետ հաշտությամբ կավարտի այս վեճը:

Լուսանկարը aravot.am-ի

Շահեն Վարդանյան

Դիտվել է՝ 4,153 անգամ