HelpCourt համակարգը կստիպի դատավորներին գործել առավել զգույշ

19:47, Ապր 27, 2016


Հայաստանում սկսել է գործել HelpCourt դատավորների վարկանիշավորման համակարգը: Համակարգը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս, ուշադրության արժանի ապօրինի կամ օրինական դատական ակտեր տեղադրելով, ուղակիորեն ազդել դատավորի վարկանիշի վրա: Դատավորների վարկանիշի վրա կարող են ազդել նաև փորձագետները, ովքեր հնարավորություն ունեն գնահատել դատավորներին և տեղադրված դատական ակտերը: Փորձագետները դատական համակարգի հետ ակտիվ շփում ունեցող մասնագետներն են, ովքեր ձեռք են բերել դատական ակտերի և դատավորների գնահատման հնարավորություն:

Helpcourt

Գաղափարի և ծրագրի հեղինակ, փաստաբան Լևոն Սահակյանը Ditaket.am-ի հետ զրույցում հայտնեց որ, ՙայսօր մեր հասարակությունում դատական համակարգի նկատմամբ մեծ է անվստահությունը և մեր այս ծրագրի իրագործումով ավելի թափանցիկ և հրապարակային կարող ենք դարձնել մեր արդադատությունը և զգոն պահենք բոլոր դատավորներին, ինչով էլ կնպաստենք համակարգի կատարելագործմանը: Անհրաժեշտ է, որ հնարավորինս աչքի ընկնեն և խրախուսվեն օբյեկտիվ և բարեխիղճ դատավորները, իսկ կոռումպացված կամ այդ պաշտոնի համար իրավաբանական բավարար գիտելիքներից զուրկ դատավորները պետք է ներկայացվեն հասարակության դատին՚:

Ըստ ծրագրի համակարգողի, HelpCourt hամակարգում որպես փորձագետ կարող են գրանցվել միայն փաստաբանները, դատախազները և քննիչները: Միաժամանակ հնարամիտ փաստաբան-փորձագետները նոր գործիք են ձեռք բերել իրենց վստահորիդի շահերը առավել լիարժեք պաշտպանելու համար: Համակարգը նպատակ ունի հասարակության միջոցով՝ խրախուսելով բարձր վարկանիշ ունեցող դատավորներին՝ նպաստել ՀՀ-ում արդարադատության որակի և բարեխիղճ դատավորների քանակի ավելացմանը:

Նշենք, որ Ամենաբարձր և ամենացածր վարկանիշ ունեցող 5 դատավորների տվյալները համապատասխան ակտերի հետ միասին յուրաքանչյուր տարվա հուլիսի 17-ին (Արդարադատության միջազգային օր) ներկայացվելու են ՀՀ Նախագահին:

Դիտվել է՝ 1,081 անգամ