Ի՞նչ է ինքանակամ կառույցը և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այն օրիականացնելու համար

11:43, Ապր 22, 2016


Օրենսդիրը հանրամատչելի սահմանում է, որ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Ինքնակամ կառույցների խնդիրը առաջ է եկել դեռևս Խորհրդային միության փլուզման առաջին տարիներին, երբ չկար համապատասխան կարգավորում և հսկողություն, և բնակչությունը առանց համապատասխան թույլտվություններ ստանալու, ի բարելավումն իրենց բնակարանային պայմանների կատարում էին օրենքով չթույլատրված, շինարարական խախտումներով շինարարություններ: Այս խնդիրը կարգավորելու նպատակով ՀՀ Կառավարությունը 2006թ-ի մայիս 18-ին ընդունեց «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, որը չնայած իր դրական ազդեցությանը ամբողջական լուծում չի համարվի այնքան ժամանակ, քանի դեռ օրինականացման գործընթացին զուգահեռ չեն դադարել ինքնակամ շինարարությունները:

Համաձայն ՀՀ կառավարության N 912-Ն որոշման՝ հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, ըստ գույքի գտնվելու վայրի, նախ և առաջ պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին: Հողամասի սեփականատերը դիմումի հետ միասին պետք է ներկայացնի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրված սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը՝ ինքնակամ կառույցների համապատասխան նշումներով, իսկ համապատասխան նշումները չլինելու կամ հողամասի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության դեպքում` ներկայացնում է նաև համապատասխանաբար ինքնակամ կառույցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագիծը(հատակագծերը) և բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունները:

Համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո՝ ինքնակամ կառուցված բնակելի նշանակության կառույցների համար 30-օրյա ժամկետում ընդունում է դրանց օրինականացման կամ մերժման մասին որոշում:

Աննա Գրիգորյան

ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր