Ի՞նչ է ապրանքային նշանը և ի՞նչ ընթացակարգով է այն գրանցվում

10:22, Ապր 20, 2016


Ներկայումս զգալիորեն աճել է ապրանքներ արտադրողների և ծառայություններ մատուցողների կորպորատիվ տարբերանշանների, սիմվոլների դերը: Խոսքը մասնավորապես ապրանքային նշանների մասին է, քանզի դրանք սպառողների կողմից դիտվում են ոչ միայն որպես որակի երաշխիք, այլև ընկերության գործարար համբավի կարևոր տարր:

Ապրանքային նշանը տարբերակիչ նշան է, որը տարբերում է ապրանքները և ծառայությունները նույնատիպ այլ ապրանքներից և ծառայություններից, որն իր հերթին ոչ միայն արտացոլում է ապրանքների և ծառայությունների որակը և համբավը, այլև, անհատականացնելով ապրանքը կամ ծառայությունը, օգնում է սպառողին ընտրություն կատարելիս կողմնորոշվել դրանց տարատեսակների մեջ:

Ապրանքային նշանի գրանցումը և պահպանությունը տրամադրում է տվյալ նշանն օգտագործելու, նմանատիպ այլ ապրանքներից ու ծառայություններից տարբերելու կամ վճարի դիմաց այլ անձանց նշանի օգտագործման թույլատվություն տալու բացառիկ իրավունք։ Ապրանքային նշանի պաշտպանությունը հիմնականում իրականացնում են դատարանները, որոնք իրավասու են արգելելու ապրանքային նշանի անօրինական օգտագործումը։ Ապրանքային նշանների պահպանությունը կանխում է նաև անբարեխիղճ մրցակիցների փորձերը. նրանց թվին են դասվում կեղծ ապրանք արտադրողները, որոնք շփոթության աստիճան նման կամ կեղծ ապրանքային նշաններն օգտագործում են իրենց ապրանքները կամ ծառայությունները իրացնելու նպատակով։

Ապրանքային նշանի գրանցումը իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա։ Որպես կանոն, հայտը ներկայացնում է հայտատուն, ում անունով խնդրարկվում է նշանի գրանցումը։ Ապրանքային նշանի գրանցման համար կարող է դիմել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ցանկանում է օգտագործել ապրանքային նշան կամ ցանկանում է, որ ինչ-որ երրորդ կողմ օգտագործի դա, կարող է դիմել գրանցման համար։ Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է դրա պետական գրանցման, կամ որ նույնն է՝ իրավական պահպանություն տրամադրելու պահից և պատկանում է դրա սեփականատիրոջը։ Այս յուրատեսակ իրավունքը համառոտ կոչվում է ապրանքային նշանի օգտագործման բացառիկ իրավունք, որն ընդգրկում է երկու հիմնական ասպեկտներ. ապրանքային նշանի օգտագործման իրավունք և այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու իրավունք։

Ապրանքային նշանի գրանցման համար հայտատուն առաջին հերթին ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության Մտավոր Սեփականության Գործակալություն է ներկայացնում հայտը, որը լրացվում է սահմանված ձևաթղթի տեսքով, որը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և պարունակի` դիմում ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը, հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը, այդ թվում՝ գույնի և գունային համակցության, ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը: Հայտին կցվում են  հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, եթե ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ, արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է նրա միջոցով:

Ապրանքային նշանի գրանցումը սովորաբար կատարվում է 10 տարով, սակայն այդ ժամկետն ավարտվելիս այն կարող է երկարաձգվել ամեն անգամ 10 տարով:

Ի հավաստումն ապրանքային նշանի գրանցման հայտատուին տրվում է վկայագիր, որը ստանալու գործընթացը սկսվում է անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելով և համապատասխան հայտը պետական լիազոր մարմին, այն է՝ ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության Մտավոր Սեփականության Գործակալություն ներկայացնելով:

Արդեն իսկ գրանցված ապրանքային նշաններին, գործող օրենսդրությանը, հայտի լրացման ձևաթղթերին, հայտի օնլայն լրացման տարբերակին, ապրաքնային նշանների դասակարգման միջազգային համակարգին, պետական տուրքի վճարման և դրա առանձնահատկություններին ծանոթանալու, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար գործում է ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության Մտավոր Սեփականության Գործակալության կայքը՝ aipa.am:

Անն Գրիգորյան

ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր